суббота, 27 июля 2013 г.

Դժվար իրավիճակը Չինաստանում

Չինարեն լեզվով Փոքրիկ իշխանն ուսումնասիրելու ժամանակ հետաքրքիր արտահայտության հանդիպեցի. 单枪匹马:
Եթե արտահայտությունը մասնատենք, ապա կստացվի.

单 - միայնակ
枪 - զենք, ատրճանակ
匹 - հաշվողական բառ ձիու համար
马 - ձի

Այսինքն բառացի կստացվի ` միայնակ մնալ զենքի և ձիու հետ: Ըստ չինական լեզվամտածողության, դա ասոցացվում է վտանգի հետ: Այսինքն արտահայտությունը նշանակում է ` դժվարության առջև կանգնել, հայտնվել դժվար իրավիճակում:

воскресенье, 21 июля 2013 г.

Չինարեն և ճապոներեն. տարբեր լեզվաընտանիքներ

Չինարեն արդեն ուսումնասիրում եմ երեք տարի, ունեմ բավականին գիտելիք ու ընդհանուր պատկերացում ` հենց լեզվաբանական առումով: Մինչ Չինաստան գալս ճապոներենի մասին պատկերացումներս չնչին էին. գիտեի միայն այն, որ այնտեղ նույնպես հիերոգլիֆներ են օգտագործվում, և գիտեի, որ ճապոներեն հիերոգլիֆները փոխառվել են չինարենից: Վերջերս ճապոնուհի ընկերուհուս հետ հետաքրքիր խոսակցություն ունեցա. պարզվում է, ճապոներեն հիերոգլիֆները իսկապես փոխառվել են չինարենից և այդ է պատճառը, որ ճապոնացիները շատ հեշտությամբ են սովորում չինարեն: Հիերոգլիֆները մեծ մասամբ նույնն են, միայն թե արտասանությունն է տարբեր և շատ դեպքերում ` նշանակությունը: Հետո հասկացա, թե ինչու է, որ նա շատ հաճախ կարող է չինարեն բառը գրել ` առանց իմանալու նշանակությունը: Նույնիսկ հաճախ էլեկտրոնային բառարանից այդպես է օգտվում. մատով գրում է հիերոգլիֆը և այդպիսով գտնում իր ուզած բառը: Ես ինքս հաճախ եմ նկատում չինարեն հիերոգլիֆներ ճապոնական գրություններում ու անգամ միտքը հասկանում:
Բայց, ինձ հուզող միակ հարցը ուրիշն է. եթե ճապոներեն հիերոգլիֆները փոխառված են չինարենից, ապա ճապոներենը ինչու՟ չի համարվում չինտիբեթական լեզվաընտանիքի անդամ: Չէ՟ որ լեզուները լեզվաընտանիք են կազմում ընդհանրություններով:
Իմ ուսանողական տարիներից հիշում եմ, որ որոշ աղբյուրներում ճապոներենը նշվում է որպես անկախ լեզու, իսկ որոշ աղբյուրներում այն մի քանի այլ լեզուների հետ կազմում է առանձին լեզվաընտանիք: Ճապոներենի ու չինարենի միակ ընդհանրությունը հիերոգլիֆներն են, մնացած ամեն ինչ տարբերվում է, սակայն արդյո՟ք մեկ ընդհանուր գիրը բավարար չէ լեզուների մեկ լեզվաընտանիքին պատկանելու համար:
Հույս ունեմ կկարողանամ մի օր այս հարցիս պատասխանը ստանալ:

суббота, 20 июля 2013 г.

Նոր բլոգ, նոր թեմա. լեզու

Եկավ այն պահը, որ որոշեցի նոր բլոգ ստեղծել: Չեմ գրել արդեն մեկ տարի է: Առաջին բլոգս անձնական էր, որը հաջողված էր հենց առաջին օրերից, հետո մի քանի ամիս վարում էի բլոգ Չինաստանի մասին, բայց հետաքրքիր պարադոքս. Չինաստան ժամանելուն պես Չինաստանի մասին գրելու ցանկությունը փախավ:
Հիմա նոր հասկացա, թե ինչի մասին կարիք ունեմ գրելու. իմ մասնագիտության և հոբբիի ` լեզուների ու լեզվաբանության մասին: Բայց, միևնույն ժամանակ, բլոգը կլինի անձնական, այսինքն այն գիտական չի դառնա: Կգրեմ լեզվաբանության մասին, թե ինչ փորձ եմ ձեռք բերում, ինչ գիտելիքներ եմ ստանում, չեմ օգտագործելու դժվար տերմիններ, գրելու եմ ավելի մատչելի լեզվով:
Սեպտեմբերից կսովորեմ Պեկինի լեզվի և մշակույթի համալսարանի "Լեզվաբանություն և կիրառական լեզվաբանություն" բաժնում, մինչ այդ նույն համալսարանում սովորել եմ չինարեն, բացի այդ միջավայրս այնպիսին է, որ ամեն օր օգտագործում եմ շատ լեզուներ:
Շատ լեզուներ իմանալ ու լեզվաբանական չնչին գիտելիքները տանում են շատ հետաքրքիր աշխարհ, որտեղ դրանք համեմատում ես, հետաքրքիր բաներ բացահայտում ու ավելի հեշտացնում դրանց ուսումնասիրությունը:
Մեկ լեզվով սահմանափակվել չեմ կարողանում. մի օր տարվում եմ չինարենով, հաջորդ օրս նվիրում եմ իսպաներենին, մեկ օր էլ լատիներեն եմ ուսումնասիրում:
Ընդհանուր առմամբ տիրապետում եմ վեց լեզվի. հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, չինարեն (մեկին` լավ, մեկին` վատ):
Ճակատագրի բերումով գրառումները հավանաբար հիմնականում կլինեն չինարենի ու չինարեն հիերոգլիֆների մասին:
Շատ հաճախ ստանում եմ ինֆորմացիա, որը ալարում եմ տետրում նշել, իսկ բլոգ վարելը ավելի պատասխանատու ու հաճելի գործ է, և փաստորեն օգտակար կլինի առաջին հերթին ինձ համար: