Չինարեն արդեն ուսումնասիրում եմ երեք տարի, ունեմ բավականին գիտելիք ու ընդհանուր պատկերացում ` հենց լեզվաբանական առումով: Մինչ Չինաստան գալս ճապոներենի մասին պատկերացումներս չնչին էին. գիտեի միայն այն, որ այնտեղ նույնպես հիերոգլիֆներ են օգտագործվում, և գիտեի, որ ճապոներեն հիերոգլիֆները փոխառվել են չինարենից: Վերջերս ճապոնուհի ընկերուհուս հետ հետաքրքիր խոսակցություն ունեցա. պարզվում է, ճապոներեն հիերոգլիֆները իսկապես փոխառվել են չինարենից և այդ է պատճառը, որ ճապոնացիները շատ հեշտությամբ են սովորում չինարեն: Հիերոգլիֆները մեծ մասամբ նույնն են, միայն թե արտասանությունն է տարբեր և շատ դեպքերում ` նշանակությունը: Հետո հասկացա, թե ինչու է, որ նա շատ հաճախ կարող է չինարեն բառը գրել ` առանց իմանալու նշանակությունը: Նույնիսկ հաճախ էլեկտրոնային բառարանից այդպես է օգտվում. մատով գրում է հիերոգլիֆը և այդպիսով գտնում իր ուզած բառը: Ես ինքս հաճախ եմ նկատում չինարեն հիերոգլիֆներ ճապոնական գրություններում ու անգամ միտքը հասկանում:
Բայց, ինձ հուզող միակ հարցը ուրիշն է. եթե ճապոներեն հիերոգլիֆները փոխառված են չինարենից, ապա ճապոներենը ինչու՟ չի համարվում չինտիբեթական լեզվաընտանիքի անդամ: Չէ՟ որ լեզուները լեզվաընտանիք են կազմում ընդհանրություններով:
Իմ ուսանողական տարիներից հիշում եմ, որ որոշ աղբյուրներում ճապոներենը նշվում է որպես անկախ լեզու, իսկ որոշ աղբյուրներում այն մի քանի այլ լեզուների հետ կազմում է առանձին լեզվաընտանիք: Ճապոներենի ու չինարենի միակ ընդհանրությունը հիերոգլիֆներն են, մնացած ամեն ինչ տարբերվում է, սակայն արդյո՟ք մեկ ընդհանուր գիրը բավարար չէ լեզուների մեկ լեզվաընտանիքին պատկանելու համար:
Հույս ունեմ կկարողանամ մի օր այս հարցիս պատասխանը ստանալ:
Комментариев нет:
Отправить комментарий