суббота, 20 июля 2013 г.

Նոր բլոգ, նոր թեմա. լեզու

Եկավ այն պահը, որ որոշեցի նոր բլոգ ստեղծել: Չեմ գրել արդեն մեկ տարի է: Առաջին բլոգս անձնական էր, որը հաջողված էր հենց առաջին օրերից, հետո մի քանի ամիս վարում էի բլոգ Չինաստանի մասին, բայց հետաքրքիր պարադոքս. Չինաստան ժամանելուն պես Չինաստանի մասին գրելու ցանկությունը փախավ:
Հիմա նոր հասկացա, թե ինչի մասին կարիք ունեմ գրելու. իմ մասնագիտության և հոբբիի ` լեզուների ու լեզվաբանության մասին: Բայց, միևնույն ժամանակ, բլոգը կլինի անձնական, այսինքն այն գիտական չի դառնա: Կգրեմ լեզվաբանության մասին, թե ինչ փորձ եմ ձեռք բերում, ինչ գիտելիքներ եմ ստանում, չեմ օգտագործելու դժվար տերմիններ, գրելու եմ ավելի մատչելի լեզվով:
Սեպտեմբերից կսովորեմ Պեկինի լեզվի և մշակույթի համալսարանի "Լեզվաբանություն և կիրառական լեզվաբանություն" բաժնում, մինչ այդ նույն համալսարանում սովորել եմ չինարեն, բացի այդ միջավայրս այնպիսին է, որ ամեն օր օգտագործում եմ շատ լեզուներ:
Շատ լեզուներ իմանալ ու լեզվաբանական չնչին գիտելիքները տանում են շատ հետաքրքիր աշխարհ, որտեղ դրանք համեմատում ես, հետաքրքիր բաներ բացահայտում ու ավելի հեշտացնում դրանց ուսումնասիրությունը:
Մեկ լեզվով սահմանափակվել չեմ կարողանում. մի օր տարվում եմ չինարենով, հաջորդ օրս նվիրում եմ իսպաներենին, մեկ օր էլ լատիներեն եմ ուսումնասիրում:
Ընդհանուր առմամբ տիրապետում եմ վեց լեզվի. հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, չինարեն (մեկին` լավ, մեկին` վատ):
Ճակատագրի բերումով գրառումները հավանաբար հիմնականում կլինեն չինարենի ու չինարեն հիերոգլիֆների մասին:
Շատ հաճախ ստանում եմ ինֆորմացիա, որը ալարում եմ տետրում նշել, իսկ բլոգ վարելը ավելի պատասխանատու ու հաճելի գործ է, և փաստորեն օգտակար կլինի առաջին հերթին ինձ համար:

Комментариев нет:

Отправить комментарий